Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10...

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.1 տոկոսով:

Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 10 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3 տոկոսով՝ կազմելով 2 տրլն 408 մլրդ 950.1 մլն դրամ: Շինարարության ծավալն ավելացել է 20.6 տոկոսով՝ կազմելով 551 մլրդ 434.5 մլն դրամ:

Առևտրի շրջանառությունում աճը 3.2 տոկոս է՝ 5 տրլն 323 մլրդ 923.2 մլն դրամ ծավալով: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 10.8 տոկոսով՝ կազմելով 3 տրլն 332 մլրդ 456.5 մլն դրամ:

2025 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ սպառողական գների ինդեքսը և արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը բարձրացել են 3.3-ական տոկոսներով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 4.2 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա 10 ամսում 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 37.1  տոկոսով՝ կազմելով 16 մլրդ 542.2 մլն դոլար: Ընդ որում՝ արտահանումը նվազել է 44.7, իսկ ներմուծումը՝ 31.2 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 388.06 դրամ: