
Պետք է արձանագրեմ, որ հանրային բարեկեցության տվյալները երևում են նաև բանկային համակարգի տվյալներից, մասնավորապես, օրինակ, ՀՀ ռեզիդենտ համարվող քաղաքացիների բանկային ավանդները և հաշիվները 2017 թվականի համեմատ աճել են 141 տոկոսով. այսինքն՝ խոսքը գումարի մասին է: Ֆիզիկական անձանց դեպքում հաշիվները և ավանդները աճել են 125 տոկոսով, իրավաբանական անձանց դեպքում հաշիվները, շրջանառությունը աճել է 175 տոկոսով 2017 թվականի համեմատ: Սրանք կոնկրետ ցուցանիշներ են: Փողը կոնկրետ տեղում կա, դա պատկանում է կոնկրետ մարդկանց: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2017 թվականի համեմատ Հայաստանի ռեզիդենտներին տրված վարկերն աճել են 173 տոկոսով: Այսինքն՝ 2.3 տրիլիոնից դարձել են 6.4 տրիլիոն: Այստեղ կարող է լինել արձագանք, թե մարդիկ վարկի տակ կամ պարտքի տակ են ընկել, բայց դրա համար է, որ կա մյուս ցուցանիշը: Վարկերի պրոբլեմատիկ՝ չաշխատող վարկերի պարագայում մենք գտնվում ենք պատմական մինիմումի վրա: Այսօր մեր վարկերի 1.2 տոկոսն է, որ պրոբլեմատիկ են, ընդ որում՝ 2016 թվականին այդ ցուցանիշը եղել է 4.6 տոկոս: 2024 թվականից, ըստ էության, այդ ցուցանիշը կրկնակի նվազել է և հիմա գտնվում է կայուն ուղեծրի վրա: Հարկ եմ համարում ընդգծել, որ բանկային համակարգում 2018 թվականից այս կողմ սեփականատերերի իրականացրած ներդրումների ծավալն աճել է շուրջ 162 տոկոսով: Սա նշանակում է, որ բանկային համակարգը դարձել է այդքանով ավելի հուսալի, և բանկային գործը դարձել է ավելի գրավիչ ՀՀ-ում»,- նշեց վարչապետը:
«Գյուղատնտեսություն, ՏԱՑ, բանկային համակարգ. այս ամեն ինչը վկայում է կայուն զարգացման մասին: Սրան գումարվելու և այս ամեն ինչին նոր ազդակ տալու է գալիս հաստատված խաղաղությունը, և բոլոր այն արձանագրումները և նպատակադրումները, որոնք մենք քաղաքական մակարդակում արձանագրում ենք, դառնում են ավելի ու ավելի հասանելի, և այս բոլոր ցուցանիշների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ՝ աշխատող, արդյունք ստեղծող մարդիկ: Ես ուզում եմ բոլոր այդ մարդկանց կրկին շնորհակալություն հայտնել, որովհետև մեր գործն է՝ ստեղծել պատշաճ միջավայր, որ մարդիկ կարողանան աշխատել և արդյունք ստեղծել և, իհարկե, վճարել օրենքով սահմանված հարկերը, և բոլոր այդպես վարվող մարդկանց ես շնորհակալություն եմ հայտնում՝ արձանագրելով, որ մեր բյուջետային գործերն էլ լավ են ընթանում, և մենք այդտեղ էլ բնականոն կայուն աճի ուղեծրի մեջ ենք, գուցե նաև մի փոքր ավելի, բայց մեր նպատակադրումը միշտ էլ ավելի է: Մենք անընդհատ քննարկում ենք ստվերային տնտեսությունը կրճատելու գործիքները: Տեսնում ենք, որ կան գործիքներ, այդ գործիքները աշխատում են, և մենք պետք է ավելի ուշադիր լինենք այդ գործիքների կիրառման արդյունավետության հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ և՛ բանկային համակարգը, և՛ տնտեսությունը պետք է արձանագրեն և նախապատրաստվեն և գիտելիքներ ձեռք բերեն խաղաղության պայմաններում զարգանալու, որովհետև ակնհայտ է, որ այն, ինչ սպասվում է առջևում, սպասվում է բոլոր հնարավորությունների էական ընդլայնում և Հայաստանի ներդրումային գրավչության էական մեծացում: «Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մեր և բանկային համակարգը և տնտեսության մյուս ճյուղերը նախապատրաստվեն այս իրավիճակին»,- նշեց նա: