Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի վերջի դ...

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի վերջի դրությամբ կազմել է շուրջ 5,5 տրիլիոն դրամ (14,5 միլիարդ դոլար)։ Ընդ որում՝ ՀՆԱ-ի հետ դրա հարաբերակցությունը մնացել է վերահսկելի մակարդակում։ Այս մասին մարտի 23-ին ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի ընթացքի և արդյունքների կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի հետ պետական պարտքի հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,7 տոկոսային կետով և կազմել 47,3%՝ մնալով Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային կանոններով սահմանված 50% թիրախային ցուցանիշից ցածր մակարդակում։

«Պետական պարտքի կառուցվածքում կարևոր միտում է նկատվում. մեծանում է ներքին փոխառությունների դերը», - նշել է Հովհաննիսյանը: Ֆինանսների նախարարության ղեկավարը նաև հայտնել է, որ 2025 թվականին բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման մեծ մասն իրականացվել է ներքին աղբյուրների հաշվին: Նրա խոսքով՝ դրա շնորհիվ նվազել է պետական պարտքի վրա արժութային տատանումների ազդեցությունը։

«2025 թվականի ընթացքում պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ 67,7%, իսկ դեֆիցիտի ֆինանսավորումը արտաքին փոխառու միջոցների հաշվին՝ 142 մլրդ դրամ կամ շուրջ 32,3%։ 2025 թվականի վերջի դրությամբ ազգային արժույթով արտահայտված պարտքի տեսակարար կշիռը կազմել է 52,9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,2 տոկոսային կետով», - հստակեցրել է Կառավարության ներկայացուցիչը։

Նա նշեց, որ, ըստ նախնական կանխատեսումների, պարտքը պետք է գերազանցեր 50%-ի սահմանագիծը։ Սակայն իրականում այն նվազել է։ Հովհաննիսյանի խոսքով՝ դրական ցուցանիշը պայմանավորված էր երկու հիմնական գործոնով՝ սպասվածից բարձր տնտեսական աճով և հարկային ավելի մեծ մուտքերով։ «Առաջինը՝ ՀՆԱ-ի առաջանցիկ աճն է, որը մեր պլանավորածից ավելի է եղել շուրջ 2 տոկոսային կետով։ Եվ նաեւ հարկերի հավաքագրումն է, որը մեր կանխատեսածից ավելի է եղել, որովհետեւ տարվա կեսին մենք հասկացանք, որ այն ցուցանիշը, որը մենք դրել ենք 2025 թվականի բյուջեն կազմելիս, հնարավոր եղավ դա իրականացնել։ Մենք պլանավորում էինք 5,5 տոկոս դեֆիցիտ, սակայն փաստացի ունեցել ենք 3,7 տոկոս դեֆիցիտ», — հավելել է նախարարը։

Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ պետական պարտքի կառավարումը գնահատելու համար ներդրվել է նոր գործիք, որը թույլ է տալիս ռիսկերն ավելի լայնորեն վերլուծել։ Նոր մոդելը հնարավորություն է տալիս ստանալ պետական պարտքի կայունության առավել ամբողջական պատկերը։