Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է interfax.az-ը:
«Մենք կոչ ենք անում հայկական կողմին բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով հարաբերությունները կարգավորելու քննարկումներում», - երկուշաբթի ասել է Բայրամովը Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ բանակցություններից հետո։
Նա նշել է, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային, առաջընթացը, որը ձեռք է բերվել տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը, «դեռ չի արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները»։
«Մենք կարծում ենք, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը հիմնված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգման վրա», - ասել է Բայրամովը՝ հավելելով, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հստակ, սկզբունքային և մշտական է»։