
Հայաստանի Հանրապետությունից տարածքներ են խլում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով հարցին, թե այս պահին փաստաթղթերով Սյունիքում ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, Բագրատյանն ասաց․
«ՀՀ-ից տարածքներ են խլում։ Ես կասկած ունեմ, որ իրականում Ղարաբաղում մնացել է 2 500 քառակուսի մետր, Սյունիքից մինչեւ Տավուշ, ինչպես նաեւ Նախիջեւան, տալաշ-տալաշ 2500-ը Ալիեւը նաղդ վերցնելու է, որ հետո որոշի Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա։ Կարծում եմ, որ գոյություն ունի այդպիսի հանցավոր գործարք։ Ամբողջ այդ ճանապարհը հայկական է, ճանապարհը տեղ-տեղ անցել են, խորացել են դեպի մեր տարածք, վերցրել են Դավիթ Բեկ- Գորիս, Կապան- Ճակատեն հատվածները»։
Դիտարկմանը, թե դա Google հավելվածի քարտեզագրմամբ է կատարվում, Հրանտ Բագրատյանն ասաց․
«Իսկ Google-ը ո՞ւմից է դա վերցրել, օդի՞ց, օպերատորը վոդ է արել չէ՞։ Ճանապարհը կառուցվել է Խորհրդային միության օրոք, հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ, ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհուրդը բան չի արել։ Կան ռազմական քարտեզներ, Google-ը Խորհրդային միության ռազմական քարտեզներ է նայե՞լ, Google-ը կաշառքը վերցրել է, էդ գիծը տարել է, վաղը կարող է գնանք էդ գիծը էլի գնա դեպի արեւմուտք, չեք հասկանում այսքան բանը»։
Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ սահմանները որոշվում են դելիմիտացիայի եւ դեմարկացիայի արդյունքում․ «Դելիմիտացիա արված է, դեմարկացի՝ չկա, որպես հիմք ընտրվում է օրինակ, ռազմական քարտեզները, օրինակ՝ Գորիսի եւ Լաչինի շրջգործկոմը այդպիսի որոշում են ընդունել։ Այսինքն՝ այնպես չէ, որ ՀՀ սահման չկա, ՀՀ սահման կա, եթե մեկն ասում է, որ ՀՀ սահմանները որոշված չեն, ուրեմն ՀՀ չկա»։
Տեղի ունեցող գործընթացներում Հրանտ Բագրատյանը մեղադրում է նաեւ ՀՀ նախագահին։
«123-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը ՀՀ նախագահն է, այլ Նիկոլը չէ»,- նշեց նա՝ հավելելով, որ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարկված էլ չէ։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոյեմբերի 9-ից բացի ստորագրված այլ փաստաթուղթ էլ կա։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ի պատասխան ԼՀԿ-ական պատգամավորի հարցի, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը բացառությամբ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների, ունի՞ որեւիցե ստորագրած փաստաթուղթ, ասել էր․
«Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ընդհանուր օգտագործման, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»։