Հայ գերիների հարցը՝ վեճի պատճառ Ադրբեջանի և Վ...

ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության անդամները բացահայտ կերպով արտահայտել են Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշումը, քվեարկելով այն բանաձեւի օգտին, որը հայկական պատվիրակությունն էր ներկայացրել հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված։ Այս քայլը Ադրբեջանում հիստերիկ ջղաձգումներ է առաջացրել, ու կարող է Թբիլիսի-Բաքու հարաբերություններում միջպետական սկանդալի վերածվել։

Մինչ այդ էլ Բաքվում հիստերիկացել էին այն բանից, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Արմեն Սարգսյանի՝ Վրաստան այցի ընթացքում կատարած գրառումն էր կիսվել իր սոցկայքի էջում, որտեղ Արարատ լեռն էր նկարված նաեւ։ Ու հիմա ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ ու փորձագետներ, ներառյալ նաեւ՝ խորհրդարանի պատգամավորներ հայտարարում են, որ Բաքուն եւ Անկարան հարկ է, որ պաշտպանեն Մոսկվային Վրաստանի հետ կապված հարցերի առնչությամբ։

Ընդհանուր տրամադրությունն այն է, որպեսզի Բաքուն եւ Անկարան միջազգային հարթակներում հրաժարվեն «Վրաստանի գրավյալ տարածքներ» ձեւակերպումից, այսինքն՝ ճանաչել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ինքնորոշումը, նաեւ տնտեսական «ուղղիչ միջոցներ» կիրառել Թբիլիսիի հանդեպ։

Դժվար է ասել, թե նման առաջարկ անողները Բաքվում քանի անգամ են մտածել խոսելուց առաջ, կամ մտածել են, թե ոչ, կամ ընդհանրապես մտածելու կարողություն ունեն, թե ոչ, սակայն եթե Բաքուն եւ Անկարան նման բան անեն, դա ընդամենը Հայաստանին օգուտ կլինի, որովհետեւ թեկուզ փաստացի կամ ըստ էության ճանաչելով Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, Բաքուն եւ Անկարան նախադեպ են ստեղծում Արցախի անկախության ճանաչման համար, իսկ դա այն է, ինչ մեզ՝ հայերիս պետք է։