Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» դաշինքի որոշ անդամների տներում իրականացված քննչական գործողությունների վերաբերյալ։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։
Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։
«Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքներով 10 հազար 51 ձայն է ստացել՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Ընտրություններում վստահ հաղթանակ է տոնել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 15 հազար 298 ձայն։ Նոյեմբերի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ քննվող քրեական վարույթների շրջանակներում ապացուցողական և վարութային այլ գործողություններ են իրականացվում «Հաղթանակ» դաշինքի մի խումբ անդամների տներում։



