Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթի ժամանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ:
Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել այս պատմական հնարավորությունը.
«Մենք Ադրբեջանի հետ պահպանում ենք երկկողմ հարաբերությունները ամենաբարձր մակարդակով և համատեղ ջանքեր ենք գործադրում բազմաթիվ միջազգային հարցերի լուծման համար։ Մենք ողջունում ենք Հայաստանի ընտրությունը հօգուտ խաղաղության և կայունության և կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»:
Ֆիդանը հիշեցրել է, որ կողմերը երկար ժամանակ անց առաջին անգամ առանձնազրույց են ունեցել Ստամբուլում՝ առանց երրորդ երկրի մասնակցության: Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասի համատեքստում կարևոր է նաև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ իրենք իրականացնում են Հայաստանի հետ։
«Հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» հարթակի նիստում մենք քննարկեցինք տարածաշրջանային բոլոր հարցերը։ Հարավային Կովկաս խաղաղության և կայունության գալուն պես կլուծվեն ոչ միայն հումանիտար հարցերը, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, փոխգործակցության և զարգացման համար», – եզրափակել է Թուրքիայի ԱԳ նախարարը: