ՀԱՊԿ երկրների ղեկավարները 14 փաստաթուղթ են ստ...

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները Աստանայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովից հետո ստորագրել են 14 փաստաթուղթ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փաստաթղթերի թվում ստորագրվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման մասին» որոշումը։ Ստորագրվել է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, Տաջիկստան-Աֆղանստան սահմանի ամրապնդման նպատակային ծրագրի մասին որոշում, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հայտարարություն։

ՀԱՊԿ երկրների ղեկավարները նաև հայտարարել են, որ անհրաժեշտ է համատեղ աշխատել համաշխարհային մասշտաբի հակամարտությունները կանխելու համար, մտադրություն են հայտնել ամրապնդել հավաքական անվտանգության համակարգի ուժերը և միջոցները, սակայն զուտ պաշտպանական նպատակներով։ ՀԱՊԿ անդամ երկրները նաև նշել են, որ հարկավոր է Եվրասիայում ձևավորել անվտանգության կայուն համակարգ՝ տվյալ տարածաշրջանի բոլոր երկրների կայունության պահպանման և խաղաղ գոյակցության համար։