
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հայտարարել է, որ ներողություն չի խնդրի առաջին տիկին Մելանյա Թրամփից՝ չնայած նրա կողմից դատական հայց ներկայացնելու սպառնալիքին։ Բայդենի որդին դրա մասին ասել է անկախ լրագրող Էնդրյու Քալահանին տված հարցազրույցում։
Պատճառը Քալահանին տված Բայդենի մեկ այլ հարցազրույցն էր, որը հրապարակվել էր օգոստոսի 5-ին YouTube-ում, որտեղ նա պնդում էր, որ դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնն է «Մելանիային ծանոթացրել» Դոնալդ Թրամփի հետ։
Օգոստոսի 6-ին Մելանյա Թրամփի փաստաբան Ալեխանդրո Բրիտոն նամակ է ուղարկել Բայդենին՝ պահանջելով հեռացնել և հերքել այդ խոսքերը՝ դրանք «կեղծ, զրպարտչական, վիրավորական և սադրիչ» անվանելով և սպառնացել է 1 միլիարդ դոլարի դատական հայցով։
Նույն նամակում Բրիտոն հայտարարել է, որ Բայդենի աղբյուրը գրող Մայքլ Վուլֆն է, որի մեղադրանքները նախկինում հրապարակվել էին The Daily Beast-ում։ Հրապարակման դադարեցման մասին պահանջից հետո The Daily Beast-ը ներողություն է խնդրել առաջին տիկնոջից և հեռացրել հոդվածը։ Ըստ փաստաբանի՝ չնայած դրան, Բայդենը «գիտակցաբար շարունակել է կեղծ և զրպարտչական հայտարարություններ» տարածել։
Նոր տեսանյութում Բայդենը կտրուկ արձագանքել է պահանջներին. «Գրողի ծոցը, նման բան տեղի չի ունենա»։ Նա Դոնալդ և Մելանյա Թրամփին անվանել է «կռվարներ», որոնք, նրա կարծիքով, փորձում են վախեցնել իրեն դատական հայց ներկայացնելու սպառնալիքներով։ Նա ասել է նաև, որ պատրաստ կլինի ցուցմունք տալ, որի ժամանակ Թրամփները կարող են պարզաբանել Էփշտեյնի հետ իրենց կապերի բնույթը։
Առաջին տիկնոջ ներկայացուցիչ Նիք Քլեմենսը նշել է, որ իր փաստաբաններն «ակտիվորեն ձգտում են անհապաղ հերքումներ և ներողություն կորզել չարամիտ, զրպարտչական հայտարարություններ տարածողներից»։
Թրամփը և նրա կինը ավելի վաղ պնդել են, որ հանդիպել են 1998 թվականին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում կազմակերպված երեկույթի ժամանակ, որտեղ նրանց հրավիրել էր մոդելային գործակալ Պաոլո Զամպոլլին։