«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի ընթացքում, այսօր՝ հուլիսի 9–ին, հանրային մեղադրողը պահանջեց, որպեսզի Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվի ևս 3 ամսով, քանի որ դատակոչված վկաները դեռ չեն հարցաքննվել դատարանում:
«Նկատի ունենալով մեր ծանրաբեռնվածությունը՝ գտնում եմ, որ 3 ամսվա ընթացքում ամենայն հավանականությամբ չենք սպառելու ապացուցողական զանգվածի հետազոտում, գտնում եմ, որ դա ժամանակատար է, 3 ամիսը չի էլ բավականացնի, քանի որ սկզբում հետազոտվելու են փաստաթղթային ապացույցներ»,-ասաց նա։
Մեղադրող կողմը գտնում է, որ Կարապետյանը կարող է ազդել վկաների վրա, նաև փախուստի դիմելու ռիսկի գնահատման կարիք էլ կա։
Սամվել Կարապետյանի պաշպաններն առարկեցին. Մասնավորապես, փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտարարեց, որ վկաներին հարցադրումներ ներկայացնելու համար 130 հատորից ավելի գործը հետազոտելու ողջ ընթացքում Սամվել Կարապետյանին տնային կալանքի ներքո պահելը ոչ իրավաչափ է. «Կա դատակոչված անձանց ցուցակ, դժվար չէ այդ ցուցակում եղած անձանց ու Սամվել Կարապետյանի շփումն արգելել»։
Պաշտպաններից Լիաննա Գասպարյանն էլ նկատեց, որ տնային կալանքը բանտային կալանքից չի տարբերվում, այն որևէ կերպ արդարացված ու հիմնավորված չէ։ Նա կարծիք հայտնեց, որ միայն գրավի առկայությունը բավարար է։



