Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին զգուշացրել է, որ Իսլամական Հանրապետությունը ոչ մի հանդուրժողականություն չի ցուցաբերի Իսրայելի նկատմամբ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։
«Անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետությունը կիրականացնի արդար արդարադատություն՝ առանց որևէ ներողամտություն ցուցաբերելու այս ամոթալի և հանցավոր ռեժիմի նկատմամբ», - ասել է դիվանագետը Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիի հետ հեռախոսազրույցում, ընդգծելով, որ սպանությունը տեղի է ունեցել հենց Իրանի մայրաքաղաքում։ Բաղերի Կանիի խոսքերը մեջբերված են Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն նաև հաղորդել է Բաղերի Կանիի և Ալժիրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աթթաֆի խորհրդակցությունների մասին: Իրանցի նախարարն իր հորդանանցի և ալժիրցի գործընկերների հետ դատապարտել է Թեհրանում Հանիյայի սպանությունը և աջակցել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահից հետո Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու Իսլամական Հանրապետության առաջարկին:
Ամերիկյան CNN հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կատարի միջոցով Իրանին ուղերձ է հղել՝ խնդրելով հրաժարվել պատասխան գործողություններից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո։
Ավելի վաղ The New York Times-ը պնդել էր, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չորեքշաբթի առավոտյան հրաման է տվել ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիեի ոչնչացման: