Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովին (COP30) մասնակցելու նպատակով գտնվում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում։ Այցի մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում։
«Այցի շրջանակում հանդիպել եմ «Կորստի և վնասի արձագանքման» հիմնադրամի (FRLD) գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի հետ։
Ողջունել եմ զարգացող երկրների համար նախատեսված ֆինանսավորման հայտերի ներկայացման նոր գործընթացի (BIM CFR) գործարկումը՝ ընդգծելով, որ դա կարևոր շրջադարձային փուլ է հիմնադրամի գործունացման և միջազգային կլիմայական ֆինանսավորման համակարգում դրա դերի ամրապնդման համար։
Երկուստեք նշել ենք, որ հիմնադրամը կարևոր գործիք է հատկապես կլիմայական ազդեցություններին առավել խոցելի երկրների համար՝ նպաստելով ինչպես տնտեսական, այնպես էլ ոչ տնտեսական կորուստների ու վնասների հաղթահարմանը»,– գրել է նախարարը։
Հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի կլիմայական ռիսկերը և վերջին տարիների վնասներն ու կորուստները։ Նշել է, որ Հայաստանը վճռական է կլիմայական քաղաքականության իր քայլերում և անհրաժեշտ ֆինանսական աջակցության պայմաններում պատրաստ է արագ առաջ շարժվել։
Անդրադառնալով FRLD-ի հետ ապագա համագործակցությանը՝ նախարարը հայտնել է, որ Հայաստանն արդեն մշակել է երկու նախագծային հայեցակարգ և նախատեսում է մոտ ժամանակում ներկայացնել իր առաջին ֆինանսավորման հայտը հիմնադրամին։
Զրույցի ընթացքում հանգամոնորեն քննարկվել է նաև ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի` COP17-ի հյուրընկալման կազմակերպչական հարցերը։
«Ներկայացրել եմ 2026 թվականին Երևանում կայանալիք համաժողովի տեսլականը և օրակարգը՝ որպես հարթակ, որը միավորում է կենսաբազմազանության, կլիմայի, հողի, պլաստիկի, քիմիական նյութերի և թափոնների կառավարման ուղղությունները՝ նպաստելով ավելի համակարգված և արդյունավետ միջազգային համագործակցությանը։
Գործընկերներին կրկին հրավիրել եմ մասնակցելու COP17-ին՝ ընդգծելով համաժողովի կարևորությունը էկոհամակարգային լուծումների, կենսաբազմազանության պահպանման և համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջմղման տեսանկյունից»,– գրառումը եզրափակել է Համբարձում Մաթևոսյանը։



