Համազասպ Դանիելյանը իրավապահներին է ուղարկել...

Համատիրությունների գործունեության կանոնակարգման վերաբերյալ քննարկումը այսօր այլ հուն ստացավ, երբ ամբիոնին մոտեցավ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նախ` շնորհակալություն հայտնեց իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանին, որ նա պահանջում է անցկացնել համատիրության ժողովներ և մասնակցում է դրանց։

Ապա նա նույն Դանիելյանին շնորհակալություն հայտնեց մեկ այլ բանի համար։ Զոհրաբյանի խոսքով՝ Դանիելյանը ֆիքսել է, երբ ինքը Փարիզից վերադառնալուց հետո, կայանման տեղ չգտնելով, իր ծառայողական մեքենան կանգնեցրել է երկրորդ գծում՝ խախտելով կարգը։

«Հպարտ քաղաքացի մեր հարգարժան Դանիելյանը անմիջապես նկարել է մեքենան և փոխանցել է պատկան մարմիններին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ։ Եվ բոլորը պետք է հետևեն Ձեր օրինակին»,- ասաց Զոհրաբյանը՝ դիմելով Դանիելյանին։