Կիևում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, երբ հրթիռը խոցել էր մանկական հիվանդանոցը, հաստատում է ուկրաինական հակամարտությունը լուծելու համար կրակի շուտափույթ դադարեցման և խաղաղ բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով Վաշինգտոնում մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
«Կիևի վրա ողբերգական և սարսափելի հարձակումը հաստատեց մեր մտավախությունները: Ռուս-ուկրաինական պատերազմի դաժանությունը նոր մակարդակի է հասել: Այդ պատճառով մենք խաղաղության առաքելություն սկսեցինք: Պատերազմի պատճառած տառապանքը պետք է դրդի համաշխարհային տերություններին հրաժարվել պատերազմի քաղաքականությունից՝ փոխարենը օգտագործել խաղաղարար քաղաքականություն՝ Ռուսաստանին և Ուկրաինային հրադադարի ու խաղաղ բանակցությունների բերելու համար: Միայն այս կերպ մենք կարող ենք կանխել սարսափելի ավերածությունները, որոնք կարող են տեղի ունենալ առաջիկայում»,- ասել է Օրբանը, ով անցյալ շաբաթ խաղաղապահ առաքելությամբ այցելել է Կիև, Մոսկվա և Պեկին։



