Ավստրիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրից արտաքսել չորս ռուս դիվանագետի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ավստրիայի արտաքին գործերի նախարարությանը։
«Ավստրիայի անվտանգության մարմինների բացահայտումների հիման վրա Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկել Վիեննայում գտնվող չորս ռուսաստանցի դիվանագետների նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ
Նրանք հայտարարվել են անցանկալի անձինք և պարտավոր են լքել երկիրը։
Արտաքին քաղաքական գերատեսչության որոշմամբ՝ անցանկալի անձ են հայտարարվել Վիեննայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության երեք աշխատակից և ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ևս մեկ աշխատակից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վիեննայում նրանց գործունեությունը համարել են «դիվանագիտական կարգավիճակին անհամապատասխան»։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Դմիտրի Լյուբինսկին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Մոսկվան համապատասխան արձագանք կտա Վիեննայի այս քայլին։
Նոր արտաքսված անձանց հաշվի առնելով՝ 2020 թվականից ի վեր Ավստրիան արտաքսել է 18 ռուսաստանցի դիվանագետի։ Մայիսին երկիրն արտաքսել էր 3 դիվանագետի՝ ռուսական դիվանագիտական շենքերի վրա «ալեհավաքների անտառի» պատճառով՝ նշելով, որ դրանք կարող էին օգտագործվել լրտեսության համար։



