ՀԱՄԱՍ-ի հետ կապված հրաձգությունից հետո Նեթանյ...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի անվտանգության ղեկավարների հետ իրավիճակի գնահատում է անցկացրել և հրամայել անհապաղ փակել Հեբրոնը և նախապատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը ՀԱՄԱՍ-ի կողմից կրակոցների արձակումից հետո։ Այս մասին Նեթանյահուն նշել է X-ում գրառման մեջ։

«Քիչ առաջ ես իրավիճակի գնահատում անցկացրի պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, «Շին Բեթ»-ի (Ընդհանուր անվտանգության ծառայության) ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի և Կենտրոնական հրամանատարության հրամանատարի հետ։ Ես բարձր եմ գնահատում մեր հերոս մարտիկներին, որոնք վճռականություն դրսևորեցին և կանխեցին խոշոր ահաբեկչական հարձակումը, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - նշել է նա գրառման մեջ։

Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) անհապաղ շրջափակել Հեբրոն քաղաքը:

«Ես հրահանգել եմ ԻՊԲ-ին և անվտանգության ուժերին՝ անհապաղ փակել Հեբրոն քաղաքը, ինչպես նաև այսօրվանից նախապատրաստվել ամբողջական լոքդաունի (խմբ.՝ մեկուսացման) Հրեաստանում և Սամարիայում (խմբ․՝ Արևմտյան ափ)», - նշել է Նեթանյահուն։

«Մենք հետապնդելու ենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին և նրանց հրահանգ տվողներին ամենուր և միշտ։ Ձեզ համար ապահով ապաստան չկա», - հավելել է նա։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 23-ի վաղ առավոտյան Հեբրոնի հյուսիսային մուտքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է երկու պաղեստինցի, իսկ իսրայելցի վեց զինվոր վիրավորվել է։ Նեթանյահուն միջադեպից հետո չեղյալ է հայտարարել այսօրվա համար նախատեսված քարոզարշավի միջոցառումները։

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, որը հայտնի է իր ծայրահեղական հայացքներով, հայտարարել է, որ հարձակումը ցույց է տալիս, որ Իսրայելը պետք է սահմանափակի պաղեստինցիների տեղաշարժի ազատությունը Արևմտյան ափում։