Համաշխարհային առևտրային համակարգը ենթարկվել է վերջին 80 տարվա ընթացքում ամենալուրջ ցնցումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և որոշ այլ երկրների սահմանած մաքսատուրքային միջոցների, ինչպես նաև Հորմուզի նեղուցի փակման պատճառով: Այս մասին հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո Իվեալան NHK հեռուստաալքի հետ հարցազրույցում:
«Առևտրի համաշխարհային համակարգը ենթարկվել է վերջին 80 տարվա ամենալուրջ ցնցումներին: Մենք տեսնում ենք ԱՄՆ մաքսատուրքային միջոցների ազդեցությունը, այլ անդամ պետություններ նույնպես տարբեր միջոցներ են ձեռնարկում», - ասել է նա:
Կազմակերպության ղեկավարը նաև առանձնահատուկ անհանգստություն է հայտնել Հորմուզի նեղուցի փակման հետ կապված հետևանքների առնչությամբ, առաջին հերթին՝ Արևելյան Ասիայի երկրների համար:
«Դա շատ խիստ է ազդում համաշխարհային առևտրի վրա: Էներգակիրների բոլոր համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդն անցնում է Հորմուզի նեղուցով, ինչն այն դարձնում է հատկապես կարևոր, գլխավորապես՝ Արևելյան Ասիայի համար», - հավելել է նա:
Նգոզի Օկոնջո Իվեալան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաշխարհային առևտրի առջև ծառացած ցնցումները կապված են, այդ թվում, այն հանգամանքի հետ, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության համակարգը չի բարեփոխվել և չի կարողացել հարմարվել փոփոխություններին։ Սակայն, հավելել է կազմակերպության ղեկավարը, համաշխարհային առևտրի երեք քառորդը նախկինի նման իրականացվում է կազմակերպության սկզբունքների հիման վրա։
Իվեալան բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է բարեփոխել կազմակերպությունը, հատկապես՝ փոխհամաձայնության համակարգը, որը պահանջում է բոլոր անդամների միաձայն հավանությունը որոշումների ընդունման համար։ Նրա խոսքով՝ այդ մեխանիզմը լրջորեն դանդաղեցնում է որոշումների մշակման գործընթացը:



