Արցախում ականազերծման գործունեությամբ զբաղվող «HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը, ստուգելու համար, Արցախի դատախազությունը ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:
Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։
Հաղորդագրությունը ստորեւ․
Սույն թվականի մարտի 11-ին մի շարք լրատվամիջոցներով տարածվել էր ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ բրիտանական «HALO Trust» ոչ կառավարական կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները:
Հիշյալ հրապարակումը ԱՀ դատախազության կողմից այսօր ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: