Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին ասված է «Մեր ձևով» շարժման հայտարարության մեջ։
«Սիրելի´ հայրենակիցներ,
Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ցավով արձանագրում ենք, որ մեր հայրենիքում հաստատվել են հակաժողովրդավարական կարգեր, որոնց պայմաններում մեկ մարդ է որոշում` ով և ինչքան պետք է կալանավորված լինի, իսկ վճիռները հրապարակում է ոչ թե դատարանը, այլ իշխող ընտանիքին պատկանող թերթը՝ դատական նիստի ավարտից մեկ օր առաջ։
Հայկական պետականությունը խորը ճգնաժամ է ապրում, որը պետք է հաղթահարենք միասին։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի մեկ մարդու գրպանային պետություն։ Որքան էլ որ անելանելի թվա իրավիճակը ու որքան էլ բիրտ լինի գործող իշխանության ճնշումը, մենք ոչ մի վայրկյան չե´նք դադարեցնելու պայքարը։
Վստահ ենք, որ միասնաբար հաջողելու ենք ու հաղթելու ենք՝ մեր ձևով»,- նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքը։



