
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլների մասին խոսակցությունները խիստ չափազանցված են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Ինձ զեկուցել են, որ այս պահին ոչ ոք հացադուլ չի անում, մի քանի հոգու հետ խնդիր է եղել՝ տեղափոխման հարցերի հետ կապված, բայց հիմա այդ խնդիրը հարթվել է»,- նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ միջոցներով պետք է քրեական հեղինակություններին զսպել և կարգ ու կանոն հաստատել՝ Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ դա արվելու է համալիր միջոցառումների շրջանակներում։
«Ինչպես գիտեք՝ քրեակատարողական ոլորտում ունենք հրապարակված ռազմավարություն, որը հիմա քննարկման փուլում է, և պետք է գործել համբերատար քայլերի հաջորդականությամբ: Քրեակատարողական հիմնարկներում կան խորքային խնդիրներ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ այո, կան նման ինստիտուտներ, և նրանք ունեն որոշակի ազդեցություն ՔԿՀ-ի ներսում: Գործնականում կատարել ենք քայլեր, և այդ քայլերի միջոցով կհասնենք նրան, որ ՔԿՀ ներում լինի մեկ գերակայություն, և դա օրենքի գերակայություն է։ Իսկ ռազմավարությունը 4 տարվա շրջանակներում է իրականացվելու»,- ասաց նախարարը։