Վարչական դատարանի՝ 2026 թվականի մայիսի 8-ի վճռով, բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Վայք քաղաքի Երիտասարդական փողոց հասցեում գտնվող՝ 422.5 քմ մակերեսով շինության նկատմամբ «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական» հասարակական կազմակերպության անվամբ 2002 թվականի մայիսի 2-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Անշարժ գույքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 17 միլիոն 370 հազար դրամ է:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության՝ պահանջելով անվավեր ճանաչել Վայք քաղաքի Երիտասարդական փողոց հրաձգարան հասցեի նկատմամբ 2002 թվականի մայիսի 2-ի՝ հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ:



