ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիա...

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը: Այս մասին ասել է Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։ 

«Սա ուշագրավ զարգացում է նրանց հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչն արտահայտվեց նաև 2026 թվականի ապրիլի 28-ին երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցերով երկկողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպմամբ, որը մենք ողջունել էինք:

Այս նշանակալի քայլը կարող է խթանել առևտրային և տնտեսական հնարավորությունները երկու երկրների միջև՝ դրական ազդեցություն ունենալով ինչպես ողջ Հարավային Կովկասի, այնպես էլ ԵՄ-ի համար:

Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել համատեղ աշխատանքը, այդ թվում՝ երկկողմ սահմանի վերաբացման ուղղությամբ»,- գրել է Հիպերը։