Գժեր գժվեք, թող աշխարհը զարմանա. ով որ գիժ չի...

Երբ 2018-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, հասարակության մեջ կարծես թե առաջացան նոր հույսեր, որ ամեն բան լավ է լինելու։

Գոնե իր ընդդիմադիր պատգամավորական գործունեության ընթացքում ունեցած հանրային ելույթներով Փաշինյանը կարողացել էր շահել շատերի համակրանքն ու վստահությունը եւ դա աշխատեց, որ մարդիկ շարունակեին հավատալ տեւական մի շրջան, որ այն, ինչը որ քննադատում էր Փաշինյանը որպես ընդդիմադիր, դրա մեջ չի թաթախվի որպես երկրի ղեկավար։ Կյանքն իհարկե այլ բան ցույց տվեց եւ շարունակում է այլ բան ցույց տալ։ Սակայն խնդիրը միայն Փաշինյանը չէ։

Պարզվում է, որ խնդիրը կարծես թե գլոբալ մասշտաբներ է ընդունում։

Արգենտինայում, ինչպես հայտնի է, նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը, ում ասում են նաեւ «Էլ Լոկո» կամ «Գիժ»։ Նրան անվանում են «բենզասղոց», որը խորհրդանշում է ծախսերը կրճատելու նրա վճռականությունն ու կամքը եւ որը թափահարելով է նա հանդես եկել նախընտրական արշավի ժամանակ։ Բացի այս, նա քիչ գժություններ չի արել արգենտինական քաղաքական կյանքում, շահելով հանրային համակրանքն ու վստահությունն այն աստիճան, որ հասել է երկրի նախագահի պաշտոնին։ Եթե համեմատենք Փաշինյանի՝ կարմիր ժապավենով մուրճի եւ արած այլ «գժությունների» հետ՝ ինչպես օրինակ՝ «ասֆալտին փռլու» օպերացիան, «չար ոգիներ բռնելու» հանձնարարականը եւ այլն կարելի է որոշակի ընդհանուր տենդենցներ տեսնել նաեւ այսպես ասած՝ «խորքային քաղաքականության» մեջ։ Ի դեպ, «էլ-Լոկոն» հայտարարել է ժամանակին, որ քաղաքականությամբ զբաղվելուն իրեն մղել է ինչ որ հոգի՝ Կոնան անունով, ով էլ ոգեհարցուկի միջոցով հայտնել է «Գժին», որ վերջինիս առաքելությունը Արգենտինայի նախագահ դառնալն է։

Եւ այսպես, կարելի է եզրակացնել, որ ներկայումս աշխարհում քաղաքական թատերաբեմին նոր տենդենց է ձեւավորվում։ Ինչումն է կայանում այդ տենդենցի էությունը՝ ըստ Արգենտինայի նախագահ Էլ-Լոկոյի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարների համադրական վերլուծության։ Էլիտաների կողմից, որպես կանոն առաջին պլան են բերվում գործիչներ, որոնք աչքի են ընկնում իրենց անսկզբունքայնությամբ, սակայն խարիզմատիկ են, կարողանում են մեղմ ասած՝ բազմություններին պահել «կախարդված վիճակում» իրենց խարիզմայով, որը դրսեւորվել կարող է որոշակի էքսցենտրիկ, նույնիսկ՝ ոչ ադեկտվատ էլեմենտներով, դառնալով մի տեսակ՝ ամբողջական երկրների հասարակությունների համար յուրատեսակ ծաղրածու-մոգ։ Իսկ այդ ընթացքում արդեն էլիտաները քաղաքական կամ նույնիսկ աշխարհաքաղաքական ստվերային ակտիվ գործունեությամբ, առքուվաճառքով են զբաղված։ Արգենտինան Լատինական Ամերիկայի վերջին երկիրը չէ իհարկե։ Սակայն Արգենտինան նաեւ այն երկիրն էր, որը կարողանում էր որոշակիորեն իր ինքնությանը տեր կանգնել եւ հակադրվել Արեւմուտքին։

Արդյունքում բերվեց իշխանության «Գիժը»։ Հայաստանի պարագայում, կար աշխարհաքաղաքական խնդիր, որը կա նաեւ հիմա՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, ընդ որում, դա անել Հայաստանը ռուսական ազդեցությունից պոկելով, որը ռեգիոնում ՌԴ միակ հուսալի հենարանն էր։ Դա արվում է բավականին ցավոտ կերպով՝ Արցախի գնով, ընդ որում՝ որքան հնարավոր է այդ գնի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելով։ Ու այստեղ հետաքրքիր է, թե այս նոր տենդենցը որը կարելի է ձեւակերպել՝ «գիժ լինելը եւ նորաձեւ է եւ օգտակար՝ հաջողության հասնելու համար կյանքում՝ ամենուրեք», որպես «ուղտ» էլ որ երկրների դռանն է «չոքելու», որպես պատուհաս, եւ որ երկրները կկարողանան դիմադրավել ու չտրվել այս տենդենցին։