Գյուղը լքած գյուղապետի որդին ու տասներեքամյա...

Արագածոտնի մարզի Արուճ համայնքի ղեկավար Բագրատ Մարտիրոսյանն արդեն 17 տարի է՝ ղեկավարում է համայնքը: Իր խոսքով՝ գյուղում շատ չեն խնդիրները, թեև նշում է՝ գյուղացին ե՞րբ է լավ ապրել:

Գյուղում գրանցված 1250 բնակչից ապրում է 1148-ը՝ 376 ընտանիք: «Մեզ մոտ շատ քիչ են արտագնա աշխատանքի մեկնում»,-նշում է համայնքապետը՝ ընդգծելով, որ բնակիչները ծույլ չեն, աշխատում են, դրա համար էլ չեն հեռանում:

Մեծ արտագաղթ եղել է տարիներ առաջ, երբ այնտեղ բնակվող եզդիական շուրջ 50 ընտանիքները լքել են գյուղը՝ մեկնելով Ռուսաստանի Դաշնություն: Այժմ նրանց տները դատարկ են, բայց հարևան գյուղերից որոշ ընտանիքներ տեղափոխվում են Արուճ՝ այդ տներում բնակվելու: 

Բնակիչների հիմնական զբաղվածաությունն ու եկամտի աղբյուրը գյուղատնտեսությունն է՝ այգեգործությունն ու անասնապահություն՝ 50-50% հարաբերակցությամբ: 

«Գյուղում մշակվում է գյուղատնտեսական նշանակության 900 հեկտար հողատարածք: Մշակում են հիմնականում խնձոր, ծիրան: Մշակվում է գյուղատնտեսական նշանակության 900 հեկտար հողատարածք: Կան նաև բանջարաբոստանային կուլտուրաներ, բայց այդ ոլորտը ռիսկային է՝ բնակլիմայական փոփոխությունների պատճառով: Գյուղում շուրջ 650 խոշոր եղջերավոր անասուն կա, 500՝ մանր եղջերավոր: Կաթը վաճառվում է՝ լիտրի դիմաց 100-110 դրամով»:

Տասներեքամյա Ֆրունզեն Արուճի միջնակարգ դպրոցի 148 աշակերտներից մեկն է: Փոխադրվում է 7-րդ դասարան: Երբ այցելեցինք իրեն, ռուսերենի ուսուցչուհու հանձնարարած արտագրությունն էր կատարում: Դրանով էլ սահմանափակվում է նրա ամառային զբաղվածությունը: Գյուղում չկան արվեստի կամ սպորտի խմբակներ, այլ անելիք չունի: «Իրիկունը գնում եմ հարևան բակ, ընկերներիս հետ Պահմտոցի ենք խաղում, Ֆուտբոլ, Յոթ քար»,-պատմում է նա: 

Ֆրունզեն դպրոցում էլ ամենաշատը ռուսերենն է սիրում, բայց թեմատիկ աշխատանքները դժվար են: Հորեղբոր որդին իր դասընկերն է, իրար օգնում են, նաև պլան են մշակել, որն էլ մեզ է սովորեցնում.«Մենք հատուկ ձև ենք մշակել: Վերցնում ենք շշի «պռոբկա» (խցան) ու փուչիկ: «Պռոբկայի» վրա անցք ենք բացում, փուչիկի վերևի մասն էլ կտրում ենք ու «շպառգալկան» (թուղթ, որի վրա գրվում է վարժության պատասխանը) դնում մեջը»: Փուչիկի կտրած հատվածից փչում ենք, ու թուղթը տեղն է հասնում»,-պատմում է Ֆրունզեն, ով դեռ համակարգիչ չունի, ու ինֆորմացիայի փոխանցման «նոր ձևերն» իրեն խորթ են ու անհասկանալի:  

Ֆրունզեն իրենից փոքր ու մեծ եղբայրներ էլ ունի: Ծնողների հետ են ապրում: Վերջինները զբաղվում են դաշտավարությամբ: Իրենց երեքամյա որդուն էլ պահում են մեծ եղբայրները:

«Մանկապարտեզ չկա գյուղում, նախակրթարան կա, այնտեղ էլ 5 տարեկանից սկսած են ընդունում: Էրեխուն թողնում ենք եղբայրների մոտ: Գոնե որ մանկապարտեզ լիներ, հանգիստ կգնայինք մեր գործին»,-պատմում է երեխաների երիտասարդ մայրը:

Թեև գյուղապետը մեզ հետ զրույցում նշում է, թե գյուղից արտագաղթ չկա, բայց պատմում է նաև, որ իր միակ որդին էլ ամուսնացել ու Երևան է տեղափոխվել.«Իրենց մասնագիտությամբ գյուղում բան չկա: Մարդիկ գյուղում գյուղատնտեսությամբ են զբաղվում, եկամուտը շատ քիչ է, բայց որ մարդը խելացի է, քաղաքում կարող է ավելի շատ աշխատել, ինչու՞ չգնա»,-նշում է նա:

Դիտարկմանը, թե այդ դեպքում գյուղը կդատարկվի, գյուղապետը միայն գլուխն է օրորում՝ միայնակ ծերության հեռանկարը շոշափելի դառնալուն պես սկսում է դուր չգալ:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Մարիամ Սարգսյան