
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Գազան ամբողջությամբ գրավելու վերաբերյալ Իսրայելի հայտարարությունից հետո, կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել։ Ինչպես հաղորդում է յս մասին հայտնում է Reuters-ը։
«Կենսական կարևորություն ունի անհապաղ հրադադարի հաստատումը Գազայում՝ խուսափելու մահերից ու ավերածություններից, որն անխուսափելիորեն կառաջացնեն ռազմական գործողություններն ընդդեմ Գազայի»,- հայտարարել է Գուտերեշը Ճապոնիայում, որտեղ մասնակցում է Աֆրիկայի զարգացմանը նվիրված Տոկիոյի միջազգային համաժողովին։
Գուտերեշը հորդորել է «Համաս»-ին առանց նախապայմանների ազատ արձակել իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Իսրայելին վերանայել Արևմտյան ափին «անօրինական» բնակավայրերի ընդլայնման որոշումը։
Իսրայելը, ի հեճուկս միջազգային ճնշման, տասնյակ հազարավոր բանակային պահեստազորայինների է կանչել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ գրավել Գազա քաղաքը։ Ներկայում Իսրայելի տիրապետության տակ է գտնվում Գազայի հատվածի 75 տոկոսը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում սկսված պատերազմի արդյունքում իսրայելական կողմի գործողության հետևանքով զոհվել է առնվազն 60 հազար պաղեստինցի։
Իսրայելական բնակավայրերի ծրագիրը, որը կբաժանի օկուպացված Արևմտյան ափը և կանջատի այն Արևելյան Երուսաղեմից, հայտարարվել է անցյալ շաբաթ և արդեն իսկ ստացել է Իսրայելի պաշտպանության նախարարության պլանավորման հանձնաժողովի վերջնական համաձայնությունը։