
Բերել են մի նախագիծ, որով արտոնություն են տալիս կառուցապատողներին, մենք սովորաբար արտոնություններին դեմ չենք մինչև այն պահը, երբ այդտեղ հայտնվում են ռիսկեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
«2025–ի հունվարի մեկից կառավարությունը որոշել է, որ պետք է «Ուրբան» ծրագիրը ներմուծի, ու արդեն հունվարի կեսերից կամ փետրվարից հասկացել են, որ էլի սխալվել են, որ այդ ծրագիրը չի աշխատում ճիշտ և նորմալ, որովհետև նորմալ փորձարկում չի անցել, որովհետև նրանք ոչ մի թրեյնինգ չեն կազմակերպել, օրինակ շինարարների համար, ոչ քաղաքապետարանը, ոչ կառավարությունը։
Հիմա հասկացել են, որ լիքը սխալներ են արել, եկել են, ուզում են փորձել էդ սխալները ուղղել, բայց արի ու տես կան մարդիկ, որոնք արդեն դրանից տուժել են։ Այսինքն նրանք ստիպված են եղել շինթույլտվության երկարացման համար հավելյալ տուրք վճարել, ինչ է թե ծրագիրը չի աշխատում։ Այսինքն կառավարության պատճառով, քաղաքապետարանի պատճառով, նրանք տուրք են վճարել ստիպված, հիմա եկել ասում են՝ վայ, մենք արտոնություն ենք տալիս, լավ բան ենք անում, դե նա, ով որ վճարել է, վճարել է»,–ասաց նա։
Ավագանու անդամը նկատեց, որ այս որոշումից հետո ռիսկ կա, որ սրանից հետո շինարարները սկսելու են մտածել՝ դե եկեք համենայնդեպս, այսպես ասած, «նավսյակի» չվճարենք, կարող է մյուս ամիս էլի արտոնություններ բերեն։ «Այսինքն դուք պրոբլեմ եք սարքում շինարարների գլխին, պրոբլեմը չեք կարում լուծեք, նրանք ընկնում են ավելորդ տուրքերի տակ, հետո բերում եք ինչ-որ արտոնություններ։ Հիմա օրինակ այն շինարարը, որ ասենք թե մարտ ամսին շինթույլտվությունը երկարացրել է, այդ նույն շինարարը հաջորդ շենքը սարքելուց ասելու է՝ մի րոպե, ես ավելի լավ է ոչ մի բանի համար չվճարեմ, չվռազեմ, մեկ է՝ հեսա կարող է արտոնություններ բերեն։
Գիտե՞ք՝ ձեր մոտ ինչ խնդիր է, որ գռփում, գռփում եք, հենց տեսնում եք, էլ շինարարները չեն կարողանում վճարել, ասում եք՝ լավ, արտոնություն ենք տալիս։
Ես հասկանում եմ, որ դուք բյուջեի կատարողականը տապալել եք, ձեզ պետք է անընդհատ քաղաքացիներին, բիզնեսմեններին տուգանել, գռփեք-չռփեք, որ կարողանաք բյուջեն լցնեք, գոնե կարողանաք մի 80%, 90% բյուջեի կատարողական ունենալ։ Բայց հերիք է, բոլ է էլի, ինչքա՞ն կարելի է այս ժողովրդին տուգանել, տուգանել»,– ընդգծեց Իսկանդարյանը։
Նա նկատեց, որ միայն առաջին հայացքից է թվում, թե այս արտոնությունը լավ բան է. «Ոչ, բա էն քաղաքացիները, որ իրենց գործը ճիշտ, լավ կազմակերպել, պատշաճ ձևով արել են, շին թույլտվությունների երկարացման համար վճարել են, բա իրե՞նք։ Ինչի՞ է ձեզ մոտ ամեն ինչը այսպես երկակի ստանդարտներով։
Անընդհատ ձեր մոտ այդ լոգիկան է դրված, գույքահարկ դնենք, շինթույլտվությունների գումարները մեծացնենք, մեծացնենք, հետո ասել՝ վայ, շինարարը չի կարում տա։ Ձեզ ասում էինք, որ չեն կարողանալու տան, ինչի՞ չէիք լսում էն ժամանակ»,– իր խոսքն ամփոփեց «Մայր Հայաստանի» անդամը։