Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից...

Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց Մուղնիի մի բնակչուհի. ապրիլի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացել, մտել էին տուն և գողացել սառնարան ու լվացքի մեքենա։

Ոստիկանությունից հայտնում են, որ վնասի չափը 500 հազար դրամի էր։

Նույն օրը Աշտարակի քրեական հետախույզները նաև օպերատիվ տեղեկություն ստացան։ Տեղեկության համաձայն՝ Ներսես Աշտարակեցու փողոցի 30-ամյա մի բնակիչ կատարել էր բնակարանային գողություն, ինչպես նաև ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոց։

Երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին 4 գրամից ավելի կանեփանման զանգված և կաթուցիչ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը խոստովանեց, որ նշված բնակարանային գողությունը կատարել է ինքը, իսկ սառնարանն ու լվացքի մեքենան նույն օրը 60 հազար դրամով վաճառել էր անծանոթ անձի։

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 30-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։