Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ գործարարների պատվիրության հանդիպում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանի հետ։
Խնդրո առարկան 2024 թվականի հունվարի 1-ից իրագործվելիք Երևանում արտաքին գովազդի տեղաբաշխման՝ մայրաքաղաքի ավագանու կողմից 2023 թ․ ապրիլին ընդունված չափորոշիչներն էին։
Վերջիններիս առնչությամբ տնտեսվարողները ներկայացրեցին իրենց անահմաձայնությունները, հանդես եկան առաջարկներով։ Մասնավորապես, ըստ «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնող Մհեր Միրզախանյանի՝ անընդունելի է, որ միևնույն չափորոշիչները տարածվում են թե՛ մայրաքաղաքի կենտրոնում, թե՛ ծայրամասային տարածքներում գործող ընկերությունների վրա։ Նա բերեց եվրոպական առաջատար քաղաքների օրինակներ (Փարիզ, Բեռլին, Վիեննա և այլն), որտեղ գովազդը սահմանափակող նման խիստ չափորոշիչներ սահմանված չեն։ «Բարսիս» ՍՊԸ-ից Ալեքսեյ Ավագյանի գնահատմամբ՝ հիշյալ որոշումը իրավաչափ չէ, հակասող դրույթներ է պարունակում «Ապրանքային նշանների մասին» և «Գովազդի մասին» օրենքների պահանջների հետ։ Օգտագործված շատ հասկացություններ հստակ սահմանված չեն։ Խախտվում են նաև ընկերությունների՝ գրանցված ապրանքանիշի օգտագործման կարգը։
Հանդիպման մասնակիցներն իրենց տարակուսանքը հայտնեցին, որ նման համընդանուր ազդեցության որոշում ընդունելիս հեղինակները որևէ քննարկում չեն ունեցել դրան ամնիջական առնչություն ունեցող գործարար համայնքի հետ։ Հաշվարկված չեն նոր չափորոշիչների կիրառման ռեսուրսները, տնտեսական և հարակից հետևանքները։
Արմեն Առաքելյանը նշեց, որ Երևանի ավագանին առաջնորդվել է օրենքով իրեն վերապահված լիազորություններով, իսկ նոր չափորոշիչների սահմանումը նպատակ ունի վերականգնել Երևանի խաթարված ճարտարապետական դիմագիծը։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքի իշխանությունները հակված են միասնական չոփորոշիչներ սահմանել բոլոր տնտեսական գործունեություն ծավալողների համար՝ անկախ գտնվելու վայրից։ Վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հավաստիացրեց, որ գործարարների բարձրացրած հարցադրումները կներկայացնի պատկան օղակներին, և հարկ եղած դեպքում՝ նոր հանդիպում կկազմակերպվի։



