Google Translate-ով ինչ-որ բան են թարգմանել և...

Ձեռնպահ ենք քվեարկելու օրենքի նախագծին մի քանի պատճառով. Առաջին՝ որովհետև համարել ենք, որ նախորդ օրենքով սահմանված աշխարհազորը չի կայացել: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիմնավորելով, որ 2020 թվականին ընդունված «Աշխարհազորի մասին» օրենքը մինչ օրս կյանքի չի կոչվել և ներկայում բերել են նույն օրենքին փոխարինող մեկ այլ օրենք։

Պատգամավորը նշեց, որ տարածքային աշխարհազորեր կան, բայց չեն գործում, հետևաբար ինչ երաշխիք կա, որ դրան փոխարինող տարածքային պաշտպանության համակարգը գործելու է։

«Արագաշարժ և անճարպ, առանց ավելորդությունների ապահովումներում պահանջմունքների բավարարում՝ ռեսուրսների կարգապահ սպառման հասանելի տարածքային ռեսուրսների բանեցման և նյութական մասի կառավարման միջոցով»,-Բանակի կերպափոխման հայեցակարգից «Տեղական պաշտպանության ուժերի» ձևակերպումը մեջբերեց Գեղամ Մանուկյանը և նշեց. «Մի հատ որ google translate-ով դնում ես, հասկանում ես, որ անգլերեն ինչ-որ խուճուճ նախադասություններից ուղղակի ձեւի համար բերել, մտցրել են ու համարում եմ  բանակի կերպարանափոխման հայեցակարգ»:

Մինչ այդ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, զեկուցելով «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին  նախագիծը և կից օրենքների փաթեթը, նշեց, որ օրինագծով առաջարկվում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքնրեը և կառուցվածքը։

Ըստ նախարարի՝ տեղական պաշտպանության ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է բանակային կորպուսի հրամանատարը, և նրանք ներառվելու են զորամիավորման ներսում գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ։

«Տեղական պաշտպանության ուժերը համալրվելու  են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով, անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր»,-հայտնեց փոխնախարարը։