«Գոլդ համարների» ցանկը կընդլայնվի․ 0-ներով հա...

Կառավարությունը փոփոխություն է առաջարկում ավտոմեքենաների հաշվառման համարանիշների կարգավորման մեջ՝ ընդլայնելով մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ցանկը։ 0-ներով և կրկնվող թվերով համարանիշները կվաճառվեն առանց աճուրդի։ Նախագիծը  հանրային քննարկման է ներկայացրել Ներքին գործերի նախարարությունը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ սահմանված «առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները» չեն ներառել որոշ թվային և տառային համադրություններ։

«Քաղաքացիներից ստացված դիմումների և մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում այդ համադրություններով համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրդի ձեռք բերելու ցանկությունը»,-նշված է հիմնավորման մեջ։

Ներկայում գործող կարգավորմամբ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների մեջ ընդգրկվել են «0»-ների և առավելագույնը մեկ «1–9» արաբական թվի համադրություններ՝ լատինական տառերի զուգակցմամբ։ Սակայն նախագծի հեղինակները նշում են, որ նույն տրամաբանության շրջանակում գոյություն ունեն նաև այլ համադրություններ, որտեղ «մի կողմում՝ աջ կամ ձախ, համադրվում է միայն «0»-ներ, իսկ հակառակ կողմում՝ միայն կրկնվող նույնական արաբական թվեր», որոնք դուրս են մնացել գործող ցանկերից։

Նախագծով առաջարկվում է այդ համադրությունները ներառել ոչ թե առանձնահատուկ, այլ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների շրջանակում։

Որոշման ընդունման արդյունքում, ինչպես նշվում է փաստաթղթում, «կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները լիարժեք կերպով», իսկ որոշ համադրություններ ավտոմատ կերպով կդառնան ցանկալի համարանիշներ։

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։ Ինչ վերաբերում է ֆինանսական ազդեցությանը, ապա նշվում է, որ փոփոխությունը կարող է բերել պետական բյուջեի եկամուտների աճի, սակայն դրա չափը ներկայում հնարավոր չէ կանխատեսել։

«Տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող համարանիշների արժեքները սահմանված են ՆԳ նախարարի հրամանով, որը նախագծի ընդունման դեպքում կլրամշակվի»,- նշվում է հիմնավորման մեջ։