«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն արտոնագրվել է իրականացնելու դիտորդական առաքելություն՝ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին:
Այսօր լրագրողների հետ հանդիպել է ՀԿ-ի ղեկավար Գոհար Մելոյանը։
«Հանրային իրազեկվածությանը զուգընթաց հանրային վերահսկողության գործիքակազմը պետք է գործի դնենք։ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպիսի արդյունք կարելի է արձանագրել ԶԼՄ-ների փութաջան աշխատանքի շնորհիվ»,-իր խոսքում նշել է նա:
«Մեզ տեղեկացրել են, որ համայնքներում մարդկանց ասում են, թե տեսախցիկներ են տեղադրված և այդ տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը։ Փորձում են միջամտություն իրականացնել և մարդու ազատ ընտրական իրավունքի վրա ներազդել»,- ավելացրել է Մելոյանը:
Դիմելով քաղաքացիներին նա հստակեցրել է, որ որևէ մեկը տեղամասային կենտրոնում հնարավորություն չի ունենալու քաղաքացու ընտրությունը վերահսկելու։ «Բոլոր տեղամասերում մենք վերահսկելու ենք կողմնակի տեսախցիկների առկայության հանգամանքը և իրենք որևէ կերպ չեն կարողանալու արձանագրել, թե քվեախցի հետևում որ ուժի քվեաթերթիկն եք նախընտրելու»,-հավելել է Մելոյանը:



