Այս տարի ամանորյա ձեւավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցույթի ընթացակարգով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Այսինքն նախատեսվել են նախաորակավորման պահանջներ պոտենցիալ մասնակիցների համար, թե ով առհասարակ կարող է մասնակցել միջոցառման կազմակերպմանը: Այդ պահանջները եղել են հետեւյալը, որ մասնակից կազմակերպությունը պետք է այս տարի կամ նախորդող 3 տարիների ընթացքում պետք է առնվազն 2 նվազագույնը 150 մլն դրամի պայմանագիրն իրականացրած լինի մշակութային միջոցառման գնման առարկայով:
Մենք նախանշել ենք սկզբնական բյուջեն, որը կազմում էր մոտավորապես 6000 մլն դրամի կարգի: Եվ քանի որ չէինք կարող իմանալ լոտերի բաշխվածությունը ոնց է լինելու, ունենալու ենք 5 հաղթող, թե մեկ հաղթող, նախատեսել ենք, որ եթե կազմակերպությունը հավակնում է այդպիսի մեծ պայմանագրի իրականացման, պետք է որոշակի առումով իր փորձառությունը հաստատվի այդ ոլորտում»,-ասաց Գրիգորյանը` հավելելով, որ մրցութային հանձնաժողովում ընդգրկվել են նաեւ ավագանու անդամներ՝ 3 խմբակցություններից:
Նա տեղեկացրեց, որ մրցույթի մասնակցելու հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն. «Նրանցից մեկը չի համապատասխանել նախաորակավորման պահանջներին: Մնացած 4-ի հետ բավական երկար բանակցություններ են տեղի ունեցել, որի ժամանակ քննարկեցինք, թե ոնց ենք պատկերացնում, ինչ պահանջներ ունենք, իրենք էլ իրենց կարծիքները ներկայացրեցին:
Մենք աշխատանքները բաժանել ենք 5 լոտի: Առաջին լոտը՝ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի ճյուղերի և զարդարանքի պարագաների մատակարարում։ Այստեղ մենք նախատեսում էինք գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր և խաղալիքներ ձեռք բերեինք, որովհետև հները արդեն բավականին մաշված էին, բայց քանի որ այս լոտը չկայացավ, մենք մեկ անձից գնման շրջանակներում էականորեն ավելի նվազ գնով, քան նախանշված 50 միլիոնը՝ 18 միլիոնի շրջանակներում ձեռք ենք բերելու որոշակի սարքավորումներ:
Այս տարի կարծում եմ, նորմալ կզարդարենք մեր գլխավոր տնածառը, եկող տարի նորից կվերադառնանք նոր սարքավորումներ և ճյուղեր ձեռք բերելու գաղափարին»,- ասաց փոխքաղաքապետը:
Երկրորդ լոտը, ըստ նրա, Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորումն էր, երրորդը՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները, չորրորդը՝ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության աշխատանքների կազմակերպումը և հինգերորդը՝ ամանորյա լուսավորության ձևավորման աշխատանքներ քաղաքի տարբեր վայրերում։
Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց, որ երբ 2022-2023 թվականին ձեռք էին բերում սարքավորումները, այն ժամանակ շատ էր քննարկվում, որ շատ գումար է ծախսել քաղաքը, թանկարժեք են այդ սարքավորումները. «Ես դեռ այն ժամանակ ասում էի, որ այո, այս սարքավորումները ավելի թանկ են, քան նախկինում ձեռք բերվածները, բայց այս ներդրումը արդարացված է, որովհետև այս սարքավորումները մենք մի տարի չի, որ օգտագործելու ենք և երկարաժամկետ ենք օգտագործելու: Ուզում եմ արձանագրել, որ սա արդեն երրորդ տարին է, որ դեռ 2022 թվականին ձեռք բերված սարքավորումները կիրառվելու են»,-ասաց նա:
Գրիգորյանի խոսքով, այս տարի օգտագործվելու են նաեւ անցած տարի ձեռք բերված նոր տնակները՝ Սուրբծննդյան տոնավաճառի համար: