Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանն անդրադարձել է իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի՝ կրկնելով Ավստրալիային ուղղված իր կոչերը՝ միանալու աշխարհում աճող այն ազգերի թվին, որոնք հայերի, ասորիների և հույների կոտորածները ճանաչել են որպես ցեղասպանություններ, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):
Վարչապետ Բերեջիկլյանն ասորիների ցեղասպանության օրվա և ասորի նահատակների վիրտուալ հիշատակմանը նվիրված իր ելույթում ընդգծել է ցեղասպանությունների ցիկլը ավարտելու գործում ճանաչման կարևոր դերը:
«Իմացեք, որ մեզնից շատերը չեն հանգստանա, մինչև այդ ժամանակաշրջանում ասորիների, հայերի և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չճանաչվի: Եվ ես կրկին կոչ եմ անում իմ դաշնային գործընկերներին և դաշնային խորհրդարանին ճանաչել այն, ինչպես արել են Ավստրալիայի և աշխարհի տարբեր մասերի նահանգային խորհրդարանները»,- ասել է վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:



