Դիլիջանի համայնքապետարանը 69 միլիոն 601 հազար 800 դրամ է տրամադրել 4 տարբեր կապալառուների համայնքում տարբեր աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն փոխանցում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։
Պայմանագրեր են կնքվել «Ռաֆ-Ավո», «Գաբս Գրուպ», «Էլ Նոր շին» և «Վերտիկալ» ՍՊ ընկերությունների հետ։ Փաստաթղթերից տեղեկանում ենք, որ գումարը տրամադրվել է Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում հուշաղբյուրի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ու մշակման ծառայության համար։ Մյուս պայմանագրերում էլ նշված է, որ Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրի ներգյուղական 3-րդ փողոցի տուֆապատման աշխատանքներ են կատարվելու, ինչպես նաև դրանց տեխնիկական հսկողության աշխատանքներ։ Կատարվելու են նաև Դիլիջան համայնքի ներհամայնքային նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ։
Ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները մասնավորապես իրականցվելու են համայնքի Սայաթ-Նովա, 26 Կամիսարների, Հակոբջանյանի, Խորհուրդների, Մոլդովական փողոցների երթեկելի հատվածներում։
Նշենք, որ Դիլիջանի համայնքապետարանն այս ամիս միայն այս պայմանագրերն է կնքել, որոնցից երկուսը գնանշման հարցման, իսկ մյուս երկուսը մաց մրցույթի ընթացակարգով են կնքվել։



