Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում կ...

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պահուստային ֆոնդից 500 մլն դրամ գումար է հատկացվել` մարզային բնակավայրերում մոդուլային 5 դպրոցի կառուցման նպատակով։ Ըստ որոշման, նոր մոդուլային դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի  հետևյալ բնակավայրերում.

  • ՀՀ Գեղարքունիքի մարզ` «Ջիլի միջնակարգ դպրոց»,
  • ՀՀ Շիրակի մարզ` «Արեգնադեմի միջնակարգ դպրոց», «Կապսի միջնակարգ դպրոց»,
  • ՀՀ Վայոց ձորի մարզ` «Չիվայի միջնակարգ դպրոց», «Գոմքի միջնակարգ դպրոց»:

Դպրոցներից յուրաքանչյուրի շինարարական աշխատանքները սկսելու համար նախատեսված է 100 մլն դրամ: Գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ շինարարական աշխատանքների իրականացման համար: Ի դեպ, կառավարությունը նախորդ նիստում գումար էր հատկացվել մոդուլային 15 դպրոցի և 10 մանկապարտեզի կառուցման  համար: Մայիսի 13-ին հաստատված որոշմամբ՝ կապահովվի «Փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի ամբողջականությունը: Խոսքը վերաբերում է այն դպրոցներին, որոնք տվյալ բնակավայրում միակն են, այնտեղ սովորում է մինչև 100 աշակերտ,  շենքն ունի սեյսմակայունության խնդիր, ուստի  վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, ինչպես նաև դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակայման պահանջներին համապատասխան հողատարածք։ Մոդուլային ուսումնական հաստատություններն ապահովված կլինեն նաև ապաստարաններով: