«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն։
Սակայն այս պնդումը լիովին չի համապատասխանում քաղաքական իրականությանը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում նույնպես սահմանադրական մեծամասնություն չէր ստացել։ Հետագայում իշխանությունն այդ առավելությունը խորհրդարանում ձևավորեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ իշխանության կողմն անցնելու արդյունքում։
Նարեկ Կարապետյանը նաև հայտարարել է, թե Հայաստանի պատմության ընթացքում երբևէ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ «Ուժեղ Հայաստանի» չափ ձայն չի ստացել։
Եթե որպես համեմատության հիմք դիտարկենք նախորդ համապետական ընտրությունները, ապա այս պնդումն էլ դժվար է անվանել ճշգրիտ։ 2013 թվականի նախագահական ընտրություններում, երբ Հայաստանը գործում էր նախագահական կառավարման համակարգով և քաղաքացիներն ուղղակիորեն ընտրում էին պետության ղեկավարին, պաշտոնական արդյունքների համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել էր շուրջ 540 հազար ձայն։ Դա մոտ 200 հազարով ավելի է, քան «Ուժեղ Հայաստանի» ստացած շուրջ 340 հազար քվեն։
Միաժամանակ, հետագա զարգացումները ցույց տվեցին, որ բարձր ընտրական արդյունքը դեռևս երկարաժամկետ քաղաքական կապիտալի երաշխիք չէ։ Ընդամենը մի քանի ամիս անց Երևանի ավագանու ընտրություններում նույն քաղաքական ուժը գրանցեց զգալիորեն ավելի համեստ արդյունք՝ հավաքելով մոտ 8 տոկոս ձայն։
Այս պատմական օրինակը վկայում է, որ ընտրություններից անմիջապես հետո ձևավորվող քաղաքական էյֆորիան միշտ չէ, որ պահպանվում է։ Ընտրողների զգալի մասը հաճախ կատարում է իրավիճակային ընտրություն, իսկ քաղաքական համակրանքները կարող են բավական արագ փոփոխվել։
Հետևաբար, միայն մեկ ընտրության արդյունքների հիման վրա եզրակացնել, թե ձևավորվել է բացառիկ կամ աննախադեպ հանրային աջակցություն, վաղաժամ կլինի։ Հայաստանի քաղաքական պատմությունն արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ նույնիսկ հարյուր հազարավոր ստացած ձայները կարող են կարճ ժամանակ անց զգալիորեն նվազել, եթե քաղաքական ուժը չկարողանա պահպանել հասարակության վստահությունն ու սպասումները։



