500-ից ավելի ուկրաինական ԱԹՍ–ներ հարձակվել են...

Ռուսաստանի ՀՕՊ միջոցները հուլիսի 6-ի գիշերը խոցել և ոչնչացրել են 519 ուկրաինական անօդաչու սարք Ռուսաստանի ավելի քան 20 շրջանների, բռնակցված Ղրիմի և Ազովի ծովի ջրատարածքի վրա, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ընդհանուր առմամբ քանի դրոն է հարձակվել Ռուսաստանի վրա՝ անհայտ է։ Գերատեսչությունը հայտնում է միայն խոցված անօդաչու սարքերի մասին։

Յարոսլավլում ուկրաինական դրոնները, ենթադրաբար, հարձակվել են «Յարոսլավնեֆտեօրգսինթեզ» («Սլավնեֆտ-ՅԱՆՕՍ») նավթավերամշակման գործարանի վրա, հայտնում են Astra պարբերականը և ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ տելեգրամ-ալիքը։ Նրանք հղում են անում ականատեսների լուսանկարներին և տեսանյութերին։ Կադրերում երևում է քաղաքի վերև բարձրացող ծուխը։

Յարոսլավլի մարզի իշխանությունները հայտնել են միայն, որ տարածաշրջանը ենթարկվում է ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման։ Մի քանի ժամով փակվել էր Յարոսլավլից դեպի Մոսկվա ելքի ուղղությամբ տրանսպորտի երթևեկությունը։ Հարձակման հետևանքների մասին նահանգապետ Միխայիլ Եվրաևը չի հայտնել։

Ուկրաինական անօդաչու սարքերը նախկինում ևս բազմիցս հարձակվել էին Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի վրա, այդ թվում՝ մայիսին, նշում է Astra-ն։ Այս նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակող ձեռնարկություններից մեկն է։

Լենինգրադի մարզում, տեղական իշխանությունների նախնական տվյալներով, վնասվել են Լուգայի պոլիգոնում, ինչպես նաև Ուստ-Լուգա և Վիսոցկ նավահանգիստների շրջաններում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտներ, սակայն թե ինչ օբյեկտների մասին է խոսքը, չի հստակեցվում։ Մարդիկ չեն տուժել։

Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության քաղաքի սահմաններից դուրս գտնվող էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակման հետևանքով, հայտնել է ՌԴ կողմից նշանակված քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ Պաշտոնյան նախազգուշացրել է, որ առավոտյան քաղաքում տրոլեյբուսներ չեն գործի։ Սոցիալական օբյեկտներն անցել են էլեկտրամատակարարման պահուստային սխեմաների։

Ավելի ուշ «Կրիմէներգոյից» հայտնել են, որ ողջ Ղրիմի տարածքում բլեքաութ է տեղի ունեցել։ Տարվում են վերանորոգման աշխատանքներ։