Գերմանիայում բանակցությունների նախապայման են...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հրադադարի գնա Ուկրաինայում՝ որպես նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ պլանավորված հանդիպման նախապայման: Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն օգոստոսի 19-ին Ճապոնիայի Յոկոսուկա քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և եվրոպացի այլ առաջնորդների միջև Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո, գերմանացի նախարարի խոսքով, «ինչ-որ մեկը պետք է շարժվի, և դա նախագահ Պուտինն է»։

Վադեֆուլը նշել է, որ հաշտության համաձայնագիրը պահանջում է անվտանգության հուսալի երաշխիքներ Ուկրաինայի համար։

«Մենք և ամերիկացիները պատրաստ ենք դրան։ Հստակ է մնում այն, որ զենքն, ի վերջո, պետք է լռի», - ասել է նախարարը։ 

Նա հավելել է, որ անվտանգության երաշխիքներ տրամադրելուց առաջ անհրաժեշտ է Պուտինի՝ «իրապես առարկայական բանակցություններ վարելու և ամենից առաջ հրադադարի համաձայնագիր կնքելու» պատրաստակամությունը։ 

Մեկնաբանելով Վաշինգտոնում բանակցությունների արդյունքները՝ Վադեֆուլը վճռորոշ ձեռքբերում է համարել Թրամփի համաձայնությունը, որ ԱՄՆ-ն մասնակցի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը: 

Օգոստոսի 18-ին Զելենսկու և եվրոպացի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «մենք բոլորս ակնհայտորեն կնախընտրեինք անհապաղ հրադադարը, առայժմ աշխատում ենք հաստատուն խաղաղության հասնելու ուղղությամբ»։