Գերմանիան վերջերս հավանություն է տվել 30 միլի...

Գերմանիայի կառավարությունը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հավանություն է տվել ավելի քան 30 միլիոն եվրոյի զենքի հետագա արտահանմանն Իսրայել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նման հետևություն է արել Der Spiegel լրատվամիջոցը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության պատասխանը «Սառա Վագենկնեխտի դաշինք՝ հանուն բանականության և արդարության» խմբից Բունդեսթագի պատգամավոր Սևիմ Դագդելենի հարցմանը:

Ըստ Der Spiegel-ի՝ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում Գերմանիան հավանություն է տվել ավելի քան 160 միլիոն եվրոյի զենքի արտահանմանն Իսրայել: Վերջին տարում Գերմանիայի կառավարությունը կատարել է Իսրայելի բազմաթիվ խնդրանքները, բայց չի մատակարարել ոչ մի ապրանք, որը դասակարգվում է որպես մարտական զենք, ինչպիսիք են հրետանային կամ տանկային զինամթերքները: Թել Ավիվի կառավարությունը, ինչպես նշում է հրատարակությունը, նման զենքի կոնկրետ խնդրանքով դիմել է 2023 թ. հոկտեմբերին պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումից հետո շատ չանցած։ Բայց մինչ այժմ Բեռլինից կանաչ լույս չի վառվել, նշում է հանդեսը։

Դագդելենը սուր քննադատության է ենթարկել զենքի մատակարարումներն Իսրայելին։

«Հաշվի առնելով իրենց գործունեությունը՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «կանաչները» և Ազատ դեմոկրատական կուսակցությունը հանդես են գալիս պատերազմի և բռնության օգտին, ինչպես Գերմանիայի պատմության մեջ ոչ մի այլ կառավարություն 1945 թվականից ի վեր։ Ուկրաինա կամ Իսրայել ավելի ու ավելի շատ զենք արտահանելու փոխարեն մեզ անհրաժեշտ են դիվանագիտություն և բանակցություններ պատերազմներին և հակամարտություններին վերջ տալու համար», - ասել է Դագդելենը:

Ավելի վաղ DPA գործակալությունը հաղորդել էր, որ 2024 թվականին գերմանական զենքի արտահանումն Իսրայել կազմել է առնվազն 131 միլիոն եվրո: 2023 թվականին Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել հրեական պետությանը  326,5 միլիոն եվրո գումարի զենքի, այդ թվում՝ 20,1 միլիոն եվրոյի մարտական զենքի արտահանմանը: Թույլտվությունների մեծ մասը տրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո։ Սակայն այս տարվա առաջին մի քանի ամիսներին արտահանման թույլտվությունները կտրուկ կրճատվել են։

Քրիստոնեադեմոկրատական ​​միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կառավարությանը մեղադրել է մատակարարումների արգելափակման մեջ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է դա և Իսրայելի իշխանություններին հավաստիացրել, որ Գերմանիան կշարունակի զենք մատակարարել հրեական պետությանը՝ չնայած նրա գործողությունների քննադատությանը Գազայի հատվածում և Լիբանանում: