Խիստ գաղտնի նոր սուպերզենքը Գերմանիայից, հաջող փորձարկումներից հետո, արդեն օգտագործվում է Ուկրաինայի արեւելքում, «իրական պայմաններում»։ Դեկտեմբերից կսկսվի դրոնների զանգվածային մատակարարումը., ամիսը մի քանի հարյուր միավոր։
Ի հայտ են եկել առաջին մանրամասները գաղտնի մատակարարման մասին։ Bild պարբերականին հայտնի է դարձել, որ արհեստական բանականության ոլորտի Helsing գերմանական ընկերությունը 2024թ. սեպտեմբերին պայմանագիր է կնքել Ուկրաինայի ՊՆ-ի հետ 4 000 այսպես կոչված «հարվածային դրոնների» մատակարարման մասին։ Ֆինանսավորումն իրականացվում է Գերմանիայի դաշնային կառավարության նախաձեռնած արդիականացման ծրագրի շրջանակում։
Այդ դրոնները մարդու կողմից կառավարվող սովորական «կամիկաձեներ» չեն, այլ բարձրտեխնոլոգիական թռչող սարքեր արհեստական բանականությամբ։ Դրանք ստացել են Mini-Taurus անվանումը։
Ծրագրային ապահովումը օգնում է կառավարել դրոնները։ Գերմանական Taurus թեւավոր հրթիռների նման, որի մատակարարումները կանցլեր Օլաֆ Շոլցը առայժմ հավանության չի արժանացրել, Helsing-ի դրոնները ունեն ծրագրային ապահովում, որը դրանք դարձնում է գրեթե անընկալունակ ռուսական GPS-ների եւ էլեկտրոնային պատերազմի այլ մեթոդների ճնշման հանդեպ։
Աղբյուրը պատմել է. «Դրոնը ասես ինքն է վերլուծում տեղանքը՝ օգտագործելով հազարավոր կողմնորոշիչներ, որպեսզի որոշի իր գտնվելու տեղը։ Դա օգնում է օպերատորին պահպանել ուղեգիծն անգամ բարդ եղանակային պայմաններում կամ քայքայված գոտիներում։ Երբ թիրախը գտնվում է եւ օպերատորը հաստատում է այն, դրոնն ինքնուրույն խոցում է թիրախը»։ Աղբյուրը նշել է. ««Helsing» դրոնները կարող են թիրախները խոցել ռադիոկապի կորստի դեպքում, եթե զինվորը նախապես տա հրամանը։ Դրանց ճշգրտությունը զգալիորեն ավելի բարձր է ձեռքով կառավարվող մարտական դրոնների համեմատ»։
Բացի այդ, դրանք գրոհում են ռուսական թիրախները արեւի ուղղորդմամբ՝ արձագանքի համար նվազագույն ժամանակ թողնելով։
Գերմանական դրոններն ունեն չորս անգամ ավելի շատ հեռահարություն, քան սովորական ուկրաինական կամիկաձե-դրոնները։ Դրանք բավականաչափ պայթուցիկ են կրում, որպեսզի ոչնչացնեն ռուսական տանկերը եւ թաքստոցները, եւ կարող են խոցել շարժվող թիրախներն օդից։
Մեկ դրոնի գինը շատ ավելի ցածր է, քան ամերիկյան անալոգինը (Switchblade 600-ն արժե 100 000 եվրո) կամ ռուսականը (Zala Lancet՝ 35 000 եվրո)։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է. «Ես շատ ուրախ եմ, որ հենց այժմ է սկսվում արհեստական բանականությամբ այս հարվածային դրոնների մատակարարումը։ Այս զենքը թույլ կտա ուկրաինական ԶՈւ-ին հարվածներ հասցնել ռուսական կարեւոր ռազմական թիրախներին, օրինակ՝ հրամանատարական կետերին կամ լոգիստիկ օբյեկտներին»։
Նա նաեւ նշել է, որ այս դրոնները կարող են հաղթահարել ռուսական զորքերի պաշտպանության էլեկտրոնային միջոցները։ Պիստորիուսը անձամբ համոզվել է դրանց արդյունավետության մեջ ուկրաինացի գործընկերոջ՝ Ռուստեմ Ումերովին այցի ժամանակ։