Գերիները հերոսներ չեն

Հուլիսի 3-ին ադրբեջանական գերությունից ևս 15 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս անգամ ևս գերիների վերադարձը հնարավոր էր եղել իրականացնել ականապատ տարածքների քարտեզների դիմաց։

Գերիների վերադարձը կրկին ակտիվացրեց խոսակցությունները նրանց հերոս, կամ հակահերոս լինելու թեմայի շուրջ։ 

Ընդհանրապես մեր հանրության մեջ աղճատված է հերոսի գաղափարը։ Հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հանրության համար հերոս է ոչինչ անել չիմացող, խեղճ, նվաստացած մարդը։ Այս մոտեցման արմատացման համար իշխանությունները արել են ամեն բան։ Պատահական չէ, որ հանրության մեծ մասը ատում է հաջողակ մարդուն և խղճահարությունից ելնելով սիրում ձախողակներին։

Իրականույթունն այն է, որ հերոսը դա եզակի մարդն է, ով, ի տարբերություն շատերի, ուժերի գերլարմամբ, հաճախ ինքնազոհողությամբ դիմում է ոչ ստանդարտ քայլերի և հասնում է հանրության համար դրական, բեկումնային արդյունքի:

Հիմա եկեք այս պրիզմայով դիտարկենք գերիներին, ովքեր վերադարձել են կամ դեռ պետք է վերադառնան։ Գերիների բացարձակ մեծամասնությունը զինվորականներ են, այսինքն մարդիկ ովքեր զինվորական երդում են տվել և վստահեցրել, որ հանուն հայրենիքի չեն խնայի անգամ իրենց կյանքը։ Հիմա մենք ունենք զինվորականներ, ովքեր տեսնելով որ այլևս ոչինչ փոխել չեն կարող ականով պայթեցրել են իրենց և ոչնչացրել են մի քանի թշնամական զինվորների։  Այս ֆոնին կան նաև զինվորականներ, ովքեր ծանր վիրավոր են եղել ու չեն կարողացել գերի չընկնել, բայց կան նաև այնպիսինները, որ օրինակ 62 հոգով, զինված գերի են ընկել 20 ադրբեջանցի զինվորի։ 

Գերիները հիմնականում մարդիկ ենք, ովքեր որոշել են չզոհվել և վերջին պահին հանձնվել են, հետևաբար դեմ են դուրս եկել իրենց զինվորական երդմանը։ Աշխարհում հենց այս պատճառով է նաև, որ գերիների անձնական տվյալները գաղտնի են պահվում, որպեսզի հետագայում, երբ նրանք վերադառնան հայրենիք չթիրախավորվեն հանրության կողմից։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գերիները ծանր տառապանքների միջով են անցնում, հասկանալի է նաև նրանց հարազատների ցավը, բայց մի բան հստակ է՝  գերիները հերոսներ չեն։ Նրանք լավագույն դեպքում կարող են լինել տուժողներ, որոնց նկատմամբ պետությունը պետք է հոգատար լինի, իսկ վատագույն դեպքում կարող է պարզվել, որ նրանց մեջ կան նաև դավաճաններ։ Սա քննությունը պետք  է պարզի։