
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում մոտ 2 ժամ տևած քննարկումից հետո ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Արդյո՞ք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում դիերի որոնողական աշխատանքների դադարեցման պատճառն իսկապես եղանակային վատ պայմաններն էին, հարցին նախարարը դրական պատասխան է տվել, անդրադարձել է նաև ռազմագերիների վերադարձման ուղղությամբ ընթացող աշխատանքներին, վստահեցրել՝ 24-ժամյա ուշադրության ներքո է հարցը:
«Միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով, միջազգային ճնշումը գնալով ավելանում է, ինչպես ենթադրվում էր՝ գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար, հուսով ենք՝ կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից և լուծում կտա այս կարևոր հարցին»,- ասել է նախարարը:
Նախարարը ժամկետներ չի նշել, կոչ է արել համբերությամբ զինվել, վստահեցրել՝ միջազգային գործընկերները լուրջ ջանքեր են գործադրում: