«Գազպրոմ Արմենիա»-ի հաշվեկշռում հաշվառված Toy...

Այսօր՝ փետրարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Վահան Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով բախվել արտաքին լուսավորության երկաթե սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաևՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Խալաթյանը, պարեկներ Արթուր Մուրադյանն ու Լուսինե Պետրոսյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ-ի հաշվեկշռում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։