Գազայում իսրայելական հարվածներից ևս 48 մարդ է...

Գազայի հատվածի տարբեր շրջաններում, ըստ տեղի առողջապահական իշխանությունների, օգոստոսի 12-ի լուսաբացից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 48 պաղեստինցի։  Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնման պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է ևս 5 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այսպիսով, սովի և թերսնման պատճառով մահացածների թիվն անկլավում հասել է 227-ի,  որոնցից 103-ը երեխաներ են։

Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ Գազայում սովն ու թերսնումը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա` ավելացնելով, որ Գազայի հատվածի բնակչության ավելի քան մեկ երրորդը օրեր շարունակ առանց սննդի է մնում։ Հայտարարության մեջ նախազգուշացվել է, որ գրեթե կես միլիոն մարդ սովի վտանգի տակ է։

Մյուս կողմից Իսրայելի ուժերը բուլդոզերներով շարունակում են ավերել Արևմտյան ափի քաղաքաներն ու գյուղերը:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ին հաղթելը և պատանդներին ազատ արձակելը բանակի ամենակարևոր առաքելությունն է այս պահին։

«Բանակը պետք է իր բոլոր ուժերը կենտրոնացնի ՀԱՄԱՍ-ին հաղթելու և պատանդներին որքան հնարավոր է արագ վերադարձնելու առաքելությունն ավարտելու վրա», - նշել է նա։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 61 499, վիրավորվել է 153 575 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ կա դեռ 50 պատանդ, որոնցից 20-ը կարող է ողջ լինել։