
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 60, վիրավորվել՝ 343 մարդ։ Այսպիսով, պատերազմի զոհերի թիվը գերազանցել է 62 000-ը, վիրավորների թիվը հասել է գրեթե 156 600-ի։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Նախարարությունը նաև հայտնել է, որ սովից և թերսնուցումից զոհերի թիվն ավելացել է ևս 3-ով․ արդյունքում սովից մահացածների թիվը կազմել է 266, որոնցից 112-ը երեխաներ են։
Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 239-ի։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ «Աշ-Շաֆա» բժշկական համալիրի խոսնակը մտահոգություն է հայտնել, որ համալիրում գտնվող 600 հիվանդների կյանքը սպառնալիքի տակ է։
Գազայի Բժշկական օգնության կազմակերպության տնօրենն իր հերթին շեշտել է, որ բուժանձնակազմն այլևս չի կարողանում հիվանդներին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել դեղորայքի պակասի պատճառով։
ՀԱՄԱՍ-ը Համաշխարհային մարդասիրական օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ անցակետերը բացելու և Գազայի հատվածում ցեղասպանության ու սովի հանցագործությունը դադարեցնելու համար։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է մոտ 50 պատանդ, որոնցից 20-ը, հնարավոր է, ողջ է։