Գառնիկ Դանիելյան․ «Տասնյակ բեռնատարներ Վերին...

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ֆեյսբուքում անդրադարձել է Վերին Լարսի անցակետում գյուղմթերք, մրգեր և շինանյութ տեղափոխող բեռնատարների խնդիրներին։

Պատգամավորը հիշեցրել է, որ օրերս արդեն ահազանգել էր՝ տասնյակ բեռնատարներ չեն կարողանում հատել սահմանն ու ետ են վերադառնում։ Դանիելյանի խոսքով՝ շրջանառվում են տեղեկություններ, որ առաջիկայում տեղադրվելու է շարժական լաբորատոր կետ, որտեղ մինչ Վերին Լարս հասնելը գյուղմթերքով բեռնատարները մանրազնին ստուգման կենթարկվեն։

Նա հարցը ուղղել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ նշելով, որ վերջինս ամիսներ շարունակ չկարողացավ լուծել կոնյակագործների բարձրացրած խնդիրները, ինչպես նաև անգործ մնաց ծաղիկների արտահանման սահմանափակումների ժամանակ․

«Ի՞նչ էր անում Գևորգը, երբ արգելվում էր ծաղիկների արտահանումը՝ հսկայական վնասներ պատճառելով ջերմոցատերերին։ Հեղուկ գազով բեռնված բեռնատարները ևս չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի հետևանքով գազը 100 տոկոսով թանկացել է», – գրել է Դանիելյանը։

Պատգամավորը նաև նշել է, որ ինքն անընդհատ կապի մեջ է բեռնափոխադրողների հետ և ստանում է տեսանյութեր, որտեղ երևում են երկար հերթերը։ Նա ընդգծել է, որ իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը «ստախոսության մեջ», մինչդեռ իրականում չեն կարողանում լուծել քաղաքացիների խնդիրները։

Դանիելյանը որպես փաստ ներկայացրել է նաև Ռոսսելխոզնադզորի տվյալները․ վերջինիս փոխանցմամբ՝ երեք օրվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան է մուտք գործել գյուղմթերքով բեռնված 146 բեռնատար, որոնցից 21-ը վերադարձվել է, այն դեպքում, երբ նախարար Պապոյանը հայտարարում էր ընդամենը 4 վերադարձի մասին։

«Հիմա ո՞վ է ստում։ Մեր քաղաքականության հիմնական սկզբունքներից է գյուղատնտեսի, ֆերմերի, արտադրողի ու արտահանողի կողքին լինելը։ Իսկ իշխանությունների տարբերությունն այն է, որ նրանք հարկատուների հաշվին զբաղվում են սեփական բարեկեցությամբ», – գրել է Դանիելյանը։