Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Խաչքարների պուրակում պետական գործիչ, ռազմական Գարեգին Նժդեհի եւ Արգենտինայի հրապարակում արգենտինացի գեներալ, քաղաքական գործիչ Մանուել Բելգրանոյի արձանների պատվանդաններին կատարված օտարագիր գրությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի բաժնից։
Վարույթը նախաձեռնվել է ՔՕ 301-րդ հոդվածի 1-ին մասով (Պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան կամ փաստաթուղթը ոչնչացնելը կամ վնասելը)։
Կոմիտեից հայտնում են, որ վանդալիզմը կատարած անձի կամ անձանց ինքնությունը դեռ անհայտ է։
Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ հուշարձաններից հեռացվել են օտարագիր գրությունները:



