
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կարողացել է հավասարեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների «խնդրահարույց» լինելը։
Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նախարարին հարց է ուղղվել այն մասին, որ փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։
Ի պատասխան՝ նախարարը հայտարարել է, որ այդ առումով որոշակի նմանություն կա մեր և մի շարք այլ երկրների Սահմանադրությունների միջև։ Գալյանը կրկնել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում այն խնդիրները, որոնց մասին սիրում են խոսել Բաքվում, ինչը հաստատել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը։ Նախարարի տրամաբանությամբ՝ ադրբեջանական սահմանադրության այն խնդիրները, որոնց մատնանշում են փորձագետները, նման են նրան, ինչին Բաքվից մատնանշում են Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։ Իսկ քանի որ դա Հայաստանի Սահմանադրության մեջ խնդիր չէ, ապա խնդիր չէ նաև Ադրբեջանի սահմանադրության մեջ, եթե այդ ամենը դիտարկենք հայելային ձևով, եզրակացնում է նախարարը։
Հիշեցնենք, որ սկզբունքային տարբերությունը կայանում է նրանում, որ Հայաստանը հանդիսանում է Հայկական ԽՍՀ իրավահաջորդը, իսկ Ադրբեջանն իրեն հռչակել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը, որը գոյություն է ունեցել 20-րդ դարի սկզբին «յուրացրած» հայկական տարածքների, այդ թվում՝ Սյունիքի և Հայաստանի այլ մարզերի մի մասի սահմաններում։