Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը սադրիչ է անվանել Ուկրաինա 100 հազարանոց խաղաղապահ ուժեր ուղարկելու Արեւմուտքի ծրագրերը։ Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի շրջանակներում, պատասխանելով լրագրողների հարցերին, նա նշեց, որ եթե փորձ արվի իրականացնել նման ծրագրեր, «դա կնշանակի Արևմուտքի էլ ավելի մեծ ներգրավվածություն Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական առճակատման մեջ»։
«Իրականում, Արևմուտքն արդեն շատ խորն է ներգրավված դրանում, ինչի մասին է վկայում Վաշինգտոնի և մի շարք այլ արևմտյան մայրաքաղաքների որոշումը՝ համաձայնության տալու ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախների վրա հեռահար զենքով հարվածներ հասցնելու վերաբերյալ։
Բնականաբար, ինչպես վերջին շաբաթների ընթացքում մեկ անգամ չէ, որ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք կարձագանքենք, կորոշենք մեր արձագանքի ձևաչափն ու պարամետրերը՝ ծագած սպառնալիքներին համապատասխան։ Նման պատասխաններ արդեն տրվել են, որոնց մասին ՌԴ նախագահը շատ մանրամասն խոսել է երեկ Աստանայում կայացած մամուլի ասուլիսում։ Այս գիծը շարունակվելու է, և Արևմուտքը և Կիևի ռեժիմը չպետք է պատրանքներ ունենան, որ իրենց սադրիչ գործողություններով կկարողանան ստիպել Ռուսաստանին զոհաբերել իր շահերը»,- ասել է Միխայիլ Գալուզինը։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր Ուկրաինայում այսպես կոչված մոտ 100 հազարանոց խաղաղապահ զորախումբ տեղակայելու՝ Արևմուտքի պլանների մասին։